«2024 թվականի մայիսին Տավուշում իրականացրել եք զորքերի հետ քաշում, երբ այն փաստաթուղթը, որի հիմա վրա այդ գործընթացն արել եք, քննարկում ենք հիմա, այսինքն տեղի ունեցածից 6 ամիս անց, իսկ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի օր առաջ է հայտարարել, որ տեղի ունեցածը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը։ Փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքերը հետ եք քաշել, Հայաստանի գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ ու դրա իրավական հիմքը չկա»,- սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ի պատասխան ՀՀ քաղաքացիներին պատկանող գույքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դիտարկմանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ես ինքս չեմ հասկանում, թե կադաստրն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմատիկ: Եթե կադաստրն ունի քարտեզ և այդ քարտեզը հիմնավոր ու լեգիտիմ քարտեզ է, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվեինք այդ քարտեզով: 1 կիլոմետրանոց, ավելին ասեմ՝ 5 կիլոմետրանոց շերտում չի կարելի գրանցել իրավունք:
Բայց, այնուամենայնիվ, 2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս դեռևս չեմ կարողացել հասկանալ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցին պետք է տրվի իրավական գնահատական: Ըստ Գրիգորյանի՝ վկայական տալը վերջնական գնահատական չէ, պետք է լինի իրավունքը հիմնավորող փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղակի գոյություն չունի կամ իրենք չեն կարողացել գտնել այդ փաստաթուղթը: