Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս. իրենք ինչ ուզում են, թող որոշեն. Փաշինյան

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՀԱՊԿ-ի հետ էս մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակմանը, քննարկմանը, ո՛չ առաջարկ ենք տալիս, ո՛չ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, պարզապես նաև վետօ չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վա՜յ, ստեղ մենք վետօ դնելու իրավունք ունենք։ Դա էլ` հաշվի առնելով հարգանքը գործընկերների նկատմամբ»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտումները գնալով ավելի են դժվարացնում ՀԱՊԿ-ին վերադարձը։ Վարչապետի կարծիքով՝ անդառնալիության կետն արդեն անցել են։