168.am-ը գրում է. 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն ամբողջովին օկուպացրել էր Մատաղիսը, Ալլա Աբրահամյանը երկու որդիների՝ Սամվելի և Արսենի հետ տեղափոխվեց Մարտակերտ՝ մտածելով, որ կապրեն Արցախում այնքան ժամանակ, մինչև հարմար ժամանակի կազատագրեն օկուպացված տարածքները և կվերադառնան Մատաղիս։
Տիկին Ալլան երկար տարիներ ծառայել է ՊԲ-ում, որդիներին էլ սովորեցրել է՝ հողը փոքր երեխայի նման պետք է պահես, փայփայես, խնամես, որ հողն էլ քեզ պահի։
2023 թվականի սեպտեմբերին տիկին Ալլան կորցրեց և՛ այդքան փայփայած հողը, և՛ այդքան սիրելի որդիներին՝ Սամվելին ու Արսենին։
2020 թվականից հետո Սամվելը որոշեց, որ պայմանագրային պետք է դառնա, այդպես և՛ Արցախին օգտակար կլիներ, և՛ ժամկետային զինծառայող եղբոր կողքին կլիներ, քանի որ որոշ ժամանակ անց Արսենը պետք է զորակոչվեր բանակ։
Տիկին Ալլան հպարտացել է ավագ որդու որոշմամբ, քանի որ միշտ ասել է՝ տղան պիտի ծառայի, հատկապես՝ Արցախում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ, 21-ամյա Սամվել Ստեփանյանը Մարտակերտի դիրքերում էր՝ որպես պայմանագրային, 19-ամյա եղբայրը ժամկետային զինծառայող էր՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիրքերում, իսկ տիկին Ալլային իր զորամասից իջեցրել էին գյուղ. հրաման էր եղել՝ բոլոր կանանց իջեցնել դիրքերից։
«2023 թվականի սեպտեմբերի 1-ից արձակուրդում էի, լավ չեմ հիշում՝ սեպտեմբերի 7-ն էր, թե՞ 8-ը, ինձ կանչեցին զորամասից, թե՝ վիճակը լարված է, ամբողջ ՊԲ-ին «համար 1» է տված։ Ինքս դիվիզիոնի կապավոր էի, ամեն մեկս մեր աշխատանքները տարանք։ Սեպտեմբերի 18-ին զորամասի հրամանատարի հրամանով կանանց դիրքերից իջեցրեցին։
Հաջորդ օրը թշնամու առաջին հարվածից հետո զանգահարեցի Արսենին, ամբողջ ճանապարհին զանգահարելով հասա Մարտակերտ, մեր փողոց։ Այստեղ ասացին, որ թշնամին արդեն Ճանկաթաղ գյուղը գրավել է, զարմացա, ասացի՝ Արսենս այնտեղ է։ Հետ գնացի զորամաս, ներքին համարով զանգահարեցի Սամվելին, Սամվելս ասաց, որ խոսել է Արսենի հետ, ամեն ինչ լավ է, հանգիստ զգացի ինձ, մտածեցի՝ իրավիճակը խառն է, դրա համար էլ անհասանելի է, չէի ուզում վատ բաներ մտածել։