Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ինձ ասացին` թանգարանից Քոչարի գործերի մի մասը չկա, ո՞ւր է` չգիտենք. որդին` հոր անհետացած 7 գործերի մասին

«Հայտնի արվեստագետ Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի կողմից բացահայտվել են մի քանի դեպքեր կապված Քոչարի թանգարանի գործունեության հետ, պատկերը բավականին մութ է ու տխուր»,- ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա մանրամասնեց. «1984 թվականին Ռուբեն Քոչարը համապատասխան փաստաթղթով Երվանդ Քոչարի նորաբաց թանգարանին հանձնել է իր սեփականությունը հանդիսանող իր հայրիկի 21 ստեղծագործություն՝ գրաֆիկա, գեղանկարներ, արձաններ։ Վերջերս պարզվել է, որ այդ ստեղծագործություններից մեկը գտնվում է Մոսկվայի հայկական եկեղեցու թանգարանում, նվիրաբերվել է ինչ-որ հայ բարերարի կողմից եկեղեցուն։ Հետո պարզվեց, որ նվիրբերված այդ նկարը, այսինքն ընդհանուր 7 ստեղծագործություն, թանգարանում չեն և պարզ չէ, թե որտեղ են։ Դիմումներ են ներկայացվել կառավարություն, տարբեր մարմիններին, հարուցվել է քրեական գործ, 8 ամիս է տեղից չի շարժվում, ոչինչ չի կատարվում քրեական գործով։ Երկու օր առաջ դիմում ենք ներկայացրել պետական վերահսկողական ծառայությանը՝ հաշվի առնելով, որ թանգարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որպեսզի ուսումնասիրություն կատարվի ու պարզվի՝ ինչ է տեղի ունեցել»։

Ասուլիսին ներկա Ռուբեն Քոչարը պատմեց, որ Երվանդ Քոչարն իր ամբողջ ունեցվածքը՝ հեղինակային իրավունքով, ամեն ինչով ժառանգել էր, նվիրատվել էր կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որը սրբորեն պահպանել և իր ամբողջ կյանքի մեծագույն նպատակը դրել էր ստեղծել Երվանդ Քոչար թանգարան, որը նրան հաջողվեց։

«Մայրս միշտ տրտնջում էր և նրան հուզում էր այն հարցը, որ թանգարան լինելու համար որոշակի միավորներ են պետք։ Սա էր պատճառը, որ նա մեր ընտանիքի ամբողջ արխիվը, որպես միավորներ, հանձնել էր թանգարանին։ Պետությունից խնդրեց որոշ գործեր, որպեսզի տրամադրվի թանգարանին։ Մեր երկու եղբայրներին հորդորեց, խնդրեց, առաջարկեց, որը մենք ընդունեցինք, ինչ ժառանգված է մեզ, դարձնենք հանրային՝ տրամադրենք թանգարանին, ցուցադրվի, ժողովուդրը կարողանա տեսնել այդ գործերը։ Երբ մտնում եք թանգարան, հիմնական գործերը, որոնք ներկայացված են, իմ սեփականությունն են։

Ես և եղբայրս համաձայնվել ենք ու մորս կենդանության օրոք, ով այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր, հանձնեցինք թանգարանին։ 21 միավոր գործ եմ հանձնել թանգարանին, դրա համար ստացել եմ հավատարմագիր»,- ասաց Ռ.Քոչարը․

Հավատարմագիրը ստորագրված է Ռուբեն Քոչարի և թանգարանի գլխավոր ֆոնդապահի կողմից՝ Լալա Մարտիրոսյանի, ով Ռուբեն Քոչարի եղբոր կինն է։

Հավատարմագրում հստակ նշված է. «Երվանդ Քոչար նորաստեղծ թանգարանի բացման կապակցությամբ Ռուբեն Երվանդի Քոչարը թանգարանին է տրամադրում ժամանակավոր ցուցադրության համար իր սեփականություն հանդիսացող գործերը, ցուցակը կցվում է հավատարմագրին»։