Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է Ձեզ համար Արցախը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի և դատավորի միջև լեզվակռիվ ծավալվեց

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դասական նիստում, որն ընթանում է հակակոռուպցիոն դատարանում, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի և գործով դատավոր Սարգիս Պետրոսյանի միջև լեզվակռիվ ծավալվեց Արցախի և հայրենասիրության թեմայով։
Բանավեճի ընթացքում Վարդևանյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ հարցերի, դատավարության մասնակիցները՝ Քոչարյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կանգնած են եղել Արցախի ակունքներում, եղել են Արցախի ինքնորոշման իրավունքի մարտիկներ։

«Ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետությանը, այն առհասարակ Ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ ոչ: Որովհետև սա քաղաքական հարց չէ, սա հանրային նշանակության խնդիր է և ի վերջո բխում է Հայաստանի անկախության հռչակագրից… Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև եթե ասեիք, որ Արցախը Ձեզ համար կարևոր է, մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքը, ապա շատ հնարավոր է, որ դա մեծապես փարատեր իմ մտահոգությունները»,- ասաց Վարդևանյանը՝ ակնհայտորեն ակնարկելով, որ Քոչարյանի դեմ հարուցված գործը քաղաքականացված է։

Դատավորն արձագանքեց՝ ի տարբերություն փաստաբանի` ինքն ի պաշտոնե ունի կաշկանդվածություն շատ հայտարարություններ անելու, բայց իրենից հայրենասեր մարդ չի պատկերացնում։
«Պարոն Քոչարյանը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, 3 տարի եղել է Արցախի Հանրապետության նախագահ։ Պատմությունը լավ ուսումնասիրել եմ, պատմական Հայաստանի սահմաններին լավ տիրապետում եմ։ Այսքանով սահմանափակվենք»,– ասաց դատավորը։