Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Փյունիկի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։