ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերոս հարկատուն գումարը վճարում է, Ավինյանը 1,5 մլրդ տանում, տալիս է իր կնոջ ընկերուհուն. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

«Հետքն» այսօր անդրադարձել է ԱՆԻՖ-ի կողմից իրականացված մի ծրագրի, համաձայն որի 1,5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում և որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, և որոնք նաև համատեղ մեկ այլ կազմակերպությունում համասեփականատեր են, այսինքն նրանց կապը անհերքելի է և փաստ է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ծրագրի նպատակն էր կիբեր անվտանգային ոլորտում մասնագետներ պատրաստելը։ Այսինքն Տիգրան Ավինյանը հանդիսանալով ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ, իր կնոջ ընկերուհու, ընդամենը ութ օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցում է 1,5 միլիարդ դրամ, իրականացնելու մի ծրագիր, որը որևէ արդյունք չի ունեցել, որևէ կիբերանվտանգության մասնագետ չկա, որևէ արդյունք չկա։

Երբ ամեն անգամ խոսում եմ սրանից, դուք գալիս ասում եք, հա դե խայտառակություն է եղել, շատ վատ բան է եղել, բայց ՀՀ քաղաքացուն դրանից ի՞նչ: Կոռուպցիան ուրիշ ի՞նչ տեսք է ունենում»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն շատ կաճ ասաց. «Ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, դրա համար կան Հայաստանում ինստիտուտները, այդ ինստիտուտները թող պարզեն: ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ Կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն և չի դադարելու լինել առաջնահերթություն»:

Աննա Գրիգորյանը շարունակեց. «Այս ընթացքում գույքահարկը թանկացել է, շրջհարկը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, աղբահանության գումարը թանկացել է, նույնիսկ սուրճի ապարատների համար տրվող գումարը բարձրացրել եք, թե բա հերոս հարկատու, գումարը վճարեք, որ մենք ավելի լավ պետություն ստեղծենք։ Հերոս հարկատուն գումարը վճարում է, Տիգրան Ավինյանը 1,5 միլիարդ տանում, տալիս է իր կնոջ ընկերուհուն, ով ուղղակի վատնում է այդ գումարը։ Հիմա հերոս հարկատուն սա որպես ի՞նչ լսի, ի՞նչ մեսիջ ստանա։ Իսկ ձեր այն արգումենտը, որ բա գիտեք, համապատասխան մարմինները քննություն են իրականացնում և այլն, հեչ համոզիչ չի, որովհետև արդեն գրեթե երեք տարի այդ քննությունը գնում է, ձևի համար մի հոգի գործի մեջ ներգրավված չի։ Ինչը նշանակում է, որ ուղղակի կասեցված է պրոցեսը»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Տիկին Գրիգորյան, նախ դուք իրավունք չունեք որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, եթե անմեղության կանխավարկածի հարց է, այդ թվում մեր երկրի հարազատ հանքարդյունաբերության հետ կապված, այն մի հատ բոքսի պերչատկեքով մեկը կար (նկատի ունի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին-խմբ), էդտեղ նստած, հիմա չգիտեմ էլ ուր է, նրա անմեղության կանխավարկածի մասին մտածեիք, որը իմիջիայլոց ձեզ հետ էլ էին որոշ ձևերով կապում:

Մի խախտեք ոչ մեկի անմեղության կանխավարկածը: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կգնանք, էդտեղ բոքսի վերչատկեքով նստած մեկը կար, ռեմբոն էր, Կոմանդոսն էր, ով էր, կգամ իրեն, հետո կկապեմ ձեզ հետ, կասեմ՝ մամուլում ձեզ հետ ինչ-որ կապեր կային, BMW-ների մասին էին խոսում: Դա լավ ժանր չի, մի արեք դա: Ես ասում եմ, որ կա պրոբլեմ, այո, ո՞վ է մեղավոր, ինչպես է մեղավոր, դրա համար երկրում կան ինստիտուտներ»: