Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին հարցաքննվող Լևոն Քոչարյանին ուժով բերման ենթարկած, սակայն այժմ տուժողի կարգավիճակ ստացած կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը «մոտավորապես» հիշում է, որ իր ծառայակից ընկերները հավաքի ընթացքում հնչեցրել են օրինական պահանջ։
Լևոն Քոչարյանի ճշտող հարցին, թե ինչ օրինական պահանջ է ներկայացվել և երբ, Խաչատրյանն ասաց. «Ես անձամբ չեմ ներկայացրել, բայց այլ ծառայողներ, ինչքան գիտեմ, ներկայացրել են։ Բարձրախոսով ինչ–որ հայտարարություն լսել եմ օրինական պահանջիհետ կապված, բայց երբ ու որ ժամին չեմ հիշում»։
«Հիմա եք սուտ խոսում, թե՞ այն ժամանակ, զեկուցագրում գրածը չեք ասում»,- արձագանքեց Լևոն Քոչարյանը։
Մեղադրող դատախազը Լևոն Քոչարյանի արձագանքից հունից դուրս եկավ և առարկեց. ««Զեկուցագրում ասվում է՝ ներկայացրինք, բնականաբար, դրա մեջ կարող է ներառվել ինչպես տուժողը, այնպես էլ այն անձինք, ովքեր իրականացրել են գործողություններ»։
Բերետավորը հերքեց, թե «խեղդող» հնարք է կիրառել Լևոն Քոչարյանի նկատմամբ. «Փորձում էինք ձեռքերից ու ոտքերից գրկել, բրդում էր, կիսաքայլելով տարել ենք։ Ձեռքս պարանոցի մոտ եղել է, բայց ոնց Լևոն Քոչարյանն ա ասում՝ «խեղդող» հնարք, ես դա չեմ արել»։
Նշենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո: