ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում և չեն էլ տարել և Արցախի հարցում, և գերիների հարցում. Օհանյան

Յուրաքանչյուր իշխանություն իր կատարած քայլերը պետք է ներկայացնի հանրությանը, պետք է հանրայնացնի իր կատարած աշխատանքը, հակառակ դեպքում միշտ էլ լինելու են այդ կասկածները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը պնդում է, որ գերիների վերադարձի հարցով որեւէ քայլ չի արվում, իշխանությունն էլ պնդում է, որ այդ քայլերը արվում են, սակայն դրանց մասին իրենք չեն հանրայնացնում, որ չվնասեն գործընթացին:

«Եթե բանակցային նրբություններ կան, պետք չէ ներկայացնել, բայց ես գտնում եմ, որ այս իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում և չեն էլ տարել և՛ Արցախի հարցում, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների հետ կապված հարցերում: Գերիների ազատ արձակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է, որ իրենք բանակցությունների ընթացքում պետք է այդ հարցը դնեն:

Միանշանակ է,որ Բաքվում տեղի ունեցողը կեղծ դատավարություն է, թատերականացված բեմականացում է, որը ուղղված է ոչ միայն գերիներին, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ առաջին հերթին իրենք դատում են Արցախի ինքնորոշումը և նաև բոլոր սլաքները, մեղադրանքները ուղղված են նաև Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ պետք է ֆիքսել, որ հակամարտության համար հիմնական մեղավորը Ադրբեջանն է, իսկ հետագայում թուրք-ադրբեջանական տանդեմը, որ իրականացրել են համապատասխան հանցագործ գործունեություն և հերթական ցեղասպանությունը:

«Ադրբեջանն է Արցախի ժողովրդի ինքնորոշմանը պատասխանել պատերազմով, ինքն է սրել հարաբերությունները և տարել մարտական գործողությունների, և առաջին պատերազմի ժամանակ, կրել է պարտություններ՝ հետ քաշվելով, փախչելով իրենց տարածքներից, այնուհետև խնդրել զինադադար և նախապատրաստվել նորից սկսել մարտական գործողություններ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լինելով յուրաքանչյուր սադրանքի կազմակերպողը, փորձում է այդ սլաքները ուղղել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով նրան, որ հիմա էլ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել այն ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ժամանակին պայքարել են հանուն Արցախի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պատժամիջոցներ է փնտրում Հայաստանի նկատմամբ՝ ճնշումները, պարտադրանքները ավելի ուժգին դարձնելու համար։ Դրա դեմ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում:

Արցախա-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և բանակցությունների հիմքում դրել են Արցախի ինքնորոշման գաղափարը։ Ու երբ հիմա Ադրբեջանը պայմաններ է դնում հրաժարվել Մինսկի խմբի համանախագահությունից, դա նշանակում է հրաժարվել ամբողջ ինքնորոշման ճանապարհից, ինքնորոշման այդ ողջ փաթեթից։ Երբ նրանք պահանջում են նաև իրենց հանձնել այն մարդկանց, որոնք Արցախի պաշտպանությամբ են զբաղվել, դա նշանակում է, որ ամբողջությամբ մեղքը Ադրբեջանը փորձում է գցել ՀՀ-ի վրա:

ՀՀ իշխանությունների կողմից այս ամենը անտեսելը հանցագործության նման մի բան է»,-ասաց նա: