«ԵՄ դիտորդների՝ սահմանից հետ քաշվելու սցենարը քննարկելու կարիք, կարծում եմ, դեռ չկա. խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն այդքան էլ արագ առաջ չի շարժվում: Եթե պայմանագիրը ստորագրվի, վավերացվի, կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար. պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Հարցին՝ «Երևանը վստա՞հ է, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին առհասարակ հանել ՀՀ-ից», ասաց. «Եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյո՞ք ԵՄ դիտորդները հանդիսանում են ուժ. սա դիտորդական առաքելություն է»: Մյուս հարցին՝ եթե ԵՄ դիտորդներն «ուժ» չեն, այդ դեպքում ինչո՞ւ ենք համաձայնել այդպիսի ձևակերպման ֆոնին քննարկել դիտորդների հարցը, ասաց՝ դա չենք քննարկում: Լրագրողները հիշեցրին ՀՀ ԱԳ նախարարի խոսքերը, այն է՝ դիտորդները դուրս կգան՝ խաղաղության հաստատման դեպքում: «Խաղաղության հաստատման դեպքում, բնական է, ոչ ուժի, ոչ դիտորդական առաքելության ներկայության կարիք կարող է չլինել»,- արձագանքեց Հովհաննիսյանը: