Համացանցում տարածվում է տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը քաշքում, անհարգալից վերաբերմունք է դրսևորում տարեց ուղևորի նկատմամբ, որը փորձում է բարձրանալ ավտոբուս: «Չեմ թողնելու, կվճարես, կնստես»,- ասում է վարորդն ու դուրս հանում ուղևորին ավտոբուսից: Օգտատերերն արձանագրել են, որ դեպքը տեղի է ունեցել 48 համարի ավտոբուսում, որի պետհամարանիշն է 5586s:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՏՏ ոլորտի բիզնեսի զարգացման պատասխանատու Աննա Հովհաննիսյանը: Մեկնաբանությունների բաժնում Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն էլ հավելել է. «Հարցն անմիջապես քննարկել եմ կուրատոր փոխքաղաքապետի հետ, ցավոք, նա ամբողջությամբ արդարացրեց վարորդի պահվածքը։ «Թող արտոնությունը ստանա ու քարտով վճարի»,- սա է մոտեցումը»:
Օգտատերերը քննադատում են ինչպես ավտոբուսի վարորդին, այնպես էլ ավտոբուսի անտարբեր ուղևորներին, որոնք միայն անհաղորդ դիտորդի կարգավիճակում են: