Կառավարության այսօրվա նիստում Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը զեկուցեց, որ, նախնական վարկածով, Ճամբարակում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 282 փրկարար ծառայող, կա հինգ զոհ, հոսպիտալացվել է 12 անձ։
«Վերջիններիս վիճակը բավարար է, մեկ անձ դուրս է գրվել»,- ասաց նա։
Շենքում նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել, սակայն նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու։
«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում»,- ասաց ՆԳ փոխնախարարը։
Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ ու անհրաժեշտ պարագաներ։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառները վերջնական կպարզվեն»,- ասաց Մկրտչյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ցավակցում է բոլորիս ու զոհվածների հարազատներին։
«Մենք պետք է վերադառնանք մեր մշտական թեմային՝ ստանդարտների առկայությունն ու իրականացումն է, որ հնարավորություն կտա խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը, պետք է աշխատել այս ուղղությամբ»,- հավելեց նա։