«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում արձանագրված հոսանքազրկումներին։
«ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ»,- նշել է նա։
Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը։
«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,-ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։
Նա նաև անդրադարձել է 7 միլիոն աշխատավարձ ստանալու լուրերի մասին․ «Սխալ են այդ տեղեկությունները․ դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել։ Դուք իմ հայտարարգրում կտեսնեք։ Ավելին ասեմ այդ սյուբեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սյուբեկտների ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և ուղղել ենք ՀԷՑ-ի հազարից ավելի սոցիալական ամենաներքևի շեմին»,- ասել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։