Մենք դեռ նոր Սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, և ակնհայտ է, որ դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ, մեր գործող Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ։ Նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
«Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է, և սա շատ կարևոր է։ Եվ ես նաև կցանկանայի նշել հետևյալը. դուք գիտեք, որ, այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Մեկ հարցը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ, այդ օրակարգը մեզ համար ընդունելի է, և ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը չէ փակել հակամարտությունը իր տարածքում և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Եվ դրա համար լուծում կա։ Մեր առաջարկած լուծումը հետևյալն է. միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր և դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
Այսինքն՝ նույն տեղում և նույն ժամանակ, ինչը շատ կարևոր է։ Եվ դա շատ կարևոր փոխադարձ ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության և կայունության համար։
Սահմանադրությանն առնչվող մի հարց ևս կա։ Ես արդեն խոսել եմ դրա մասին և ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ ու հստակ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։
Սա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը։
Սա առաջին շատ կարևոր փաստն է։
Այնտեղ նաև հոդված կա, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման հարցեր և պահանջներ չբարձրացնել։
Այսինքն՝ իրականում այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, լուծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում։
Մի շատ կարևոր հոդված էլ կա, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հիմնվել իր սեփական օրենսդրության վրա՝ այս համաձայնագիրը չկատարելու համար։ Եվ երբ համաձայնագիրը ստորագրվի, ըստ Հայաստանի օրենսդրության, մենք պետք է այն ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա որոշում կայացնել մեր Սահմանադրությանը համապատասխան։ Եվ երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դա նշանակում է, որ այս փաստաթուղթը ՀՀ խորհրդարանում վավերացնելու համար որևէ խոչընդոտ չի լինի։
Երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի մեր Սահմանադրության այն հոդվածը, որում նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ և գերակայություն ունեն տեղական օրենքների նկատմամբ։
Ինչո՞ւ եմ ես այս ամենը ասում։ Քանի որ հիմա ադրբեջանական կողմը հարցեր է բարձրացնում այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ես արդեն խոսել եմ այս մասին։ Եթե այս մտահոգությունները իրական են, ապա խնդիրը լուծելու ամենաարագ ճանապարհը խաղաղության համաձայնագիր ստորագրելն է։ Որովհետև երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի ՀՀ խորհրդարանում, արդեն ամենաբարձր օրենսդրական մակարդակով կհաստատվի, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ընդհանրապես իր հարևանների նկատմամբ։ Եվ ևս մեկ նրբերանգ։ Մենք նույնպես մտահոգություններ ունենք և տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք տեսնում ենք ակնհայտը. որ այս հարցը լուծվել է արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում։ Եվ այս խնդիրը լուծելու և վերացնելու համար մենք պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և վավերացնենք այն։ Եվ մենք պատրաստ ենք նման որոշում կայացնելու»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Նա, միաժամանակ, կրկին պատասխանեց ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի ցանկանում ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություն՝ նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։
«Ես արդեն ասացի։ Քանի որ մենք մտահոգություններ ունենք Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, մենք տեսնում ենք Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Եվ, ցավոք, մենք տեսնում ենք Ադրբեջանում որոշակի քաղաքական շարժումներ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ առնվազն Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են, եթե կարելի է այդպես ասել, փակել հակամարտության էջը իրենց տարածքում և արտահանել հակամարտությունը Հայաստանի տարածք»,- ասել է Փաշինյանը։
Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե՝ Բաքուն տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Առավել ևս։ Շատ լավ։ Ի՞նչ խնդիր կա։ Եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրապարակավ խոսել եմ այս մասին և հայտարարել մեր պատրաստակամության մասին։ Ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը»: