«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ ներկայացրեց իր անվտանգության ծրագիրը՝ նախատեսող օդային ու ցամաքային պաշտպանության նոր համակարգերի ներդրում։
«Դա ռազմավարական ծրագիր է, գաղափարն այն է, որ նոր տեխնոլոգիաներ, նորարարություններ բերվեն, որովհետև դրանով է հնարավոր պատրաստ լինել ապագային»,- ծրագրի մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը (Իսրայել)։
Նա շեշտել է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանա։ Ինչ վերաբերում է բանակի ուժեղացմանը, ապա դա, ըստ Զվիկա Խայմովիչի, հնարավոր է իրականացնել նաև ոչ շատ մեծ միջոցներով, կարևորը գիտակցելն է՝ որ ուղղությամբ պետք է բանակը զարգացնել՝ ըստ առկա մարտահրավերների։
«Ուժը և խաղաղությունը միմյանց փոխկապակցված են, ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության, թույլ երկիրը չի կարող։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է ուժեղ լինել»,- ասել է Զվիկա Խայմովիչը։





