Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ մանրամասներ է հայտնել «Սարդոստայն» ռազմական գործողության վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվել է ռուսական ռազմավարական նշանակության օդանավակայանների վրա հարձակումը։
Զելենսկին այս գործողությունն անվանել է «եզակի»՝ հաստատելով, որ այն նախապատրաստվել է մեկուկես տարի։
«Ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի տարածքում մեր գործողության «գրասենյակը» գտնվում էր անմիջապես ՌԴ ԱԴԾ վարչության կողքին՝ շրջաններից մեկում»։
Զելենսկու խոսքով՝ 117 անօդաչու թռչող սարքեր հարվածել են «թևավոր հրթիռների ռազմավարական կրիչների 34%-ին՝ իրենց տեղակայման բազաներում»։
«Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ երեք ժամային գոտիներում։ Եվ մեզ օգնող այդ մարդիկ գործողության նախօրեին դուրս են բերվել Ռուսաստանից, նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինական կողմը հայտարարել էր գործողության ընթացքում ռուսական 41 ինքնաթիռի խոցման, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ «մի քանի ինքնաթիռների հրդեհվելու մասին»։