Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ մենք այդ ծրագիրը չիրականացնենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։
«Մեր խնդիրը ճիշտ տակտիկա որդեգրելն է։ Պետք է շատ սերտ խորհրդակցություններ լինեն կառավարության, քաղաքապետարանի, մյուս շահագրգիռ գործընկերների միջև, որպեսզի մենք պրոցեսը բարեհաջող սկսենք և բարեհաջող տեղ հասցնենք»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Առիթը օգտագործելով ևս մի կարևոր լուր հայտնեմ, քանի որ արդեն տևական ժամանակ մենք քննարկել ենք «Երիտասարդական» մետրոյի կայարանից դեպի Նոր-Նորք ճոպանուղու կառուցման հարցը։ Մենք ճոպանուղու նախագծի մրցույթի փուլում ենք այս պահի դրությամբ։ Ես ֆինանսների նախարարի հայացքն եմ հիմա տեսնում իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք մեր միջոցներով այս մի ծրագիրը իրականացնել։
Ընդհանուր առմամբ տրանսպորտային այս զարգացումները Երևան քաղաքում նույնպես շատ արագ են տեղի ունեցել, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և իրականում շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, որովհետև շատ մեծ աջակցություն է եղել կառավարության կողմից»։