Հայաստան մուտք գործող ու Հայաստանից դուրս եկող քաղաքացիներն անձնագրային հսկողություն են անցնում միայն ու միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից՝ ճոխություն, որ մեր պետությունը 33 տարի իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ: ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ստեղծել են ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ, որոնք ՀՀ իրավակարգի անբաժանելի մաս են։
«Դրանք գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս են դնում էմոցիաների ու քաղաքական նպատակահարմարության դաշտից»,- նշել է նա։
Փաշինյանը նաև հավելել է, որ ՔՊ-ն ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության ու ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ։
Վարչապետի խոսքով՝ ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ո՛չ կորցրել են իրենց դուխը, ո՛չ էլ վախենում են թալանչիներից։
«Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել, այնքան կմեծացնի արտաքին անվտանգության առանց այն էլ խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի»,- հայտարարեց նա։