Էջմիածնի Վազգեն Սարգսյան-Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում դաժանաբար ծեծված երիտասարդ տղան դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։
Մահացած երիտասարդի հարևաններից Խաչիկ Բաղրամյանը «Նյուզ»–ին պատմել է, որ վիրաճաբանության ժամանակ իր թոռն էլ է եղել դեպքի վայրում. վիճաբանությունը ծագել է չնչին շարժառիթից։
«Ընկերոջ հետ ավտոմեքենայով հետ գալիս իրենց մեքենայից անձրևաջուր է թռել մյուս մեքենայի վրա, հիմնական պատճառը դա է եղել»,- պատմել է Խաչիկ պապը։
Ավելի ուշ երիտասարդները եկել են Պարգևի և ընկերոջ հետ հաշիվներ պարզելու։ Վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել։ Դրան ականատես է եղել Պարգևի ընկերոջ տատը։ 22-ամյա Պարգև Հակոբյանին սպանելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։
Պարգևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում, թե ոստիկաններն այժմ ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք հենց երիտասարդի սպանության դեպքն են փորձել թաքցնել, թե ոչ։