ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտեսնենք՝ իշխանափոխությունից հետո ինչպես է ձեռք թափ տալու. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի մասին

Այս օրը մեզ պետք է լցնի համոզմունքով, պատասխանատվությամբ ապագա հաջողությունների, ապագա հաղթանակների համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Տարիներ հետո, այսինքն այս վերջին տարիներին, իհարկե, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և դրանից հետո Արցախը կորցնելով, իհարկե, որոշակի ցածրացել է և նեղացել է այս տոնի նշանակությունը, բայց երբևիցե մենք չպետք է նսեմացնենք ո՛չ հաղթանակը Հայրենական պատերազմում, ո՛չ հաղթանակն Արցախում:

Դժվար իրավիճակում ենք, չափազանց աղետալի հետևանքներ է ունեցել այդ պատերազմը և դրանից հետո գործողություններն Ադրբեջանի հանցագործ գործունեության շնորհիվ և նաև մեր իշխանությունների անգործունեության շնորհիվ, բայց այնուամենայնիվ սա դասեր պետք է լինի մեզ բոլորիս համար, հետևություններ պետք է անենք ապագան մեր ավելի լավ տեսնելու համար և նաև հետագայում հաջողություններ ունենալու համար»,- ասաց նա:

Օհանյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մասնավորապես ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարությանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին և նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում եղել են նաև ուժային կառույցների համապատասխան գործունեություն:

«Միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետևյալը՝ նախ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահել: Հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, փոխանակ ինքը ներկայացներ, նա ինչպես միշտ, այդ ամենը փոխեց ընդդիմության վրա: Պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում և այդ ամեն ինչը վերածվում է հիստերիայի և տեսաք չէ՞, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս»,- ասաց նա:

Ապա Օհանյանը նշեց, որ նա երկրի ղեկավար է, բոլոր կառույցները նրա ենթակայության տակ են, ի՞նչ իմաստ ունի որ երկրի ղեկավարը ձեռք թափ տա: «Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռքը թափ տալու կամ մեր նման այսպես ազատ, առանց որևիցե մի այսպես պահակախմբի քայլելու մեր երկրի վրա։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը և կարելի է ասել նաև նրա կողմնակիցները, խոսում է նրա մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը և օրըստօրե կորցնելով իրենց ռեյտինգը, կորցնելով իրենց արժանիքները, չնայած արժանիքներ չեն ունեցել, կամաց-կամաց գիտակցում են, որ իշխանության վերջը գալիս է և այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և Արցախում, և Հայաստանում, իրենք պատասխան են տալու»,- ասաց նա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։