Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործները քիչ առաջ երկկողմանի փակեցին Ծարավ Աղբյուրի փողոցը։ Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։
Կոնյակագործները զարմանում են, թե ինչու պետք է իրենց ապրանքի կապարակնիքները պոկվեն, ուղարկվեն լաբորատոր ստուգման, եթե այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։
Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցներից մեկը հայտարարեց. «Թող մեր վրացի ընկերները դուրս գան և ասեն պատճառն ինչ է, որ մենք այսօր մեր գործարանները թողած, մեր աշխատավայրերը թողած, եկել կանգնել ենք այստեղ, որպեսզի արդարություն պահանջենք։ Արդեն մի քանի օր է՝ մենք չենք աշխատում, եթե սա շարունակական կլինի, եթե այսօր այս հարցին պատասխան և արդար լուծում չլինի, ճանապարհ ենք փակելու։ Պարոն վարչապետը ասում էր, որ մենք պետք է տուրքեր վճարենք և այլն, և այլն, հայտարարագրեր գրենք, որտեղ գրենք և ի՞նչ գրենք, եթե աշխատանք չունենք»։
Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ մեկ շաբաթ առաջ իրենց ակցիայի ժամանակ Վրաստանի դեսպանատնից ասել էին, որ կհասկանան իրավիճակը եւ պատասխան կտան, սակայն մինչ այս պահը որեւէ պատասխան չկա։
Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս հարցին լուծում տալու համար։