Իշխանություն-եկեղեցի լարված իրավիճակում հոգևորականները շեշտում են, որ Արդարադատության նախարարությունը ևս անելիք ունի՝ զսպելու պետական պաշտոնյաներին սահմանադրական կարգը չտապալելու և եկեղեցու ներքին կյանքին չխառնվելու հարցում։ Այս դիտարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը․ «Փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված։ Այո՛, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգ է տապալվում։ Սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի արարք է, դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողություն։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին․ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, մի խոսքով՝ 1-7 հոդվածների մասին։ Եվ այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Գալյանը՝ հորդորելով չկիրառել տերմիններ, որոնք հիմք չունեն։
Հարցին՝ այս դասախոսությունները ՔՊ-ում կարդո՞ւմ եք, Գալյանը պատասխանեց․ «Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, քանի որ ստիպված եմ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ և անհարգալից պահվածքին»։
Երբ լրագրողները փորձեցին միջամտել, նա ճեպազրույցը կիսատ թողեց և հեռացավ, իսկ երբ սկսեց նկատողություն անել լրագրողներին, վերջիններս կոչ արեցին նախարարին՝ իրենց գլխին դասախոսություններ չկարդալ։