Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները։
«Ադրբեջանի նախագահն ասել է՝ ցարական քարտեզները, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն, ինչ-որ անուն, հիմա, եթե ես ասեմ, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է՝ «եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին՝ այնտեղ չկա Սևանա լիճ», դժվար է նրանով, որ ես, փոխանակ հարցին պատասխանեմ, պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»,- «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը «շատ վտանգավոր» է համարում արցախցիների վերադարձն իրենց հայրենիք, դա, ըստ նրա, վտանգավոր է խաղաղության գործընթացի համար։
Նա հարց հնչեցրեց՝ պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում։
«Մեր թվարկությունից առաջ 70-ականները կարո՞ղ են լինել, օրինակ, պատմական հայրենիքի մեկնակետ։ Կան ուժեր, ովքեր ասում են, որ ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվականն է՝ մարտից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, մի մասն էլ ասում է 500 տարի առաջ։ Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ՝ շատ լուրջ չեք ընկալի, Մոնղոլիան կարող է մեզ ասել՝ «եկեք, բան ունենք ձեզ ասելու», կարող է Իրանն ասել՝ «էս ի՞նչ եք քննարկում»»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած «զավեշտալի մի միջադեպ» պատմեց։
«Կողմերց մեկը մյուս կողմին ասել է՝ «դու գիտե՞ս, որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ, «կողմերից մյուսն էլ ասել է՝ «իսկ դուք գիտե՞ք, որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ», հետո պարզվել է՝ զանգը պարսկերեն է նշանակում զանգ, հիմա ո՞ւմն է պատմական ճշմարտությունը»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե իրենք ստեղծել են նոր պատմություն ու պետք է շարունակեն այդ պատմության ստեղծումը։
								



