Ադրբեջանը այս ընթացքում շատ հայտարարություններով է հանդես եկել, որոնք մեղմ ասած անիրատեսական են. Դուք ո՞նց եք պատկերացնում ՀՀ սուվերեն տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, շեշտելով, որ նրանց հետ ուժային կառույցներ պետք է նաև տեղակայվեն այստեղ։
«Այդ դեպքում, ուրեմն, պետք է քննարկվի նաև Ադրբեջանից գաղթած հայերի վերադարձի հարցը։ Ընդհանրապես խորհուրդ կտամ չմտնել այդ խոսակցության մեջ, դա այն բազմաթիվ նարատիվներից է, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել, որոնք, մեղմ ասած, ես կարծում եմ՝ անիրատեսական է»,–ասաց նա։
Հարցին՝ Փաշինյանն ու Ալիևը հինգ ժամ, ի՞նչ են քննարկել, Չախոյանը պատասխանեց. «Քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են խաղաղության պայմանագրին։ Կարող էին և 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն նաև հայտարարություններ, փոքր ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսենսուսներ»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ժեստերը, ինչին Չախոյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը մարդ է, բացի Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելուց, երբեմն կարող է նաև քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ, ու նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում, կամ ընդամենը քորում է։ Պետք չի վարչապետի ամեն մի արած շարժումը խորը քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»։