ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է համաձայնության գալ տարածքային փոխանակումների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։
«Սրանք այն կետերն են, որոնք մենք քննարկել ենք և այն կետերն են, որոնց շուրջ մենք հիմնականում համաձայնության ենք եկել։ Իրականում, կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել շատ հարցերի շուրջ»,- նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, որոշ հարցերի շուրջ ներկայումս համաձայնություններ չկան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ միասին, կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց նրա ՆԱՏՕ-ին միանալու տարբերակը բացառվում է: