Կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավականում դիմավորել են ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանին և մեր մյուս ըմբիշներին։ Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային։
«Իմ նպատակը մեկն էր՝ դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն. կապ չուներ, թե ում հետ եմ մրցելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը։ «Լավ էր, որ եզրափակչում իմ մրցակիցը հենց ճապոնացի ըմբիշն էր, որին պարտվել էի օլիմպիական խաղերի ժամանակ։ Դրանից հետո փորձում էի նրան ուսումնասիրել. իրոք, շատ բարդ են նրա հետ մարտերը, մանավանդ, որ պարտվելուց հետո հոգեբանորեն շատ դժվար է արդեն այդ ըմբիշի հետ գոտեմարտելը, նրան հաղթելը։ Բայց իմ մարզումները բերել էին նրան, որ ես պատրաստ էի նրան հաղթելու և կասկած չունեի, որ կհաղթեմ։ Երևի դա էլ ինձ օգնեց նախ հոգեպես հաղթելու, իսկ հետո արդեն՝ գորգի վրա»,- ասել է աշխարհի կրկնակի չեմպիոնը։