«Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն, այո՛, կրակոցներ հնչում են, բայց նպատակային, թիրախային չեն»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով Խոզնավարի ուղղությամբ կրակոցներին: «Հակառակ կողմի նպատակը՝ մեր զինծառայողների, սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, բայց փաստն այն է, որ դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- հավելել է նա: Հարցին՝ եթե հետևանքները 44-օրյա պատերազմի նման լինեն, ի՞նչ ենք անելու, ի՞նչ է նշանակում՝ ուշադրություն չենք դարձնում, ասաց. «Եթե ասում ենք՝ ուշադրություն չենք դարձնում, չի նշանակում, որ ՀՀ ԶՈՒ-ն չի շարունակում իր առջև դրված խնդրի կատարումը: Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ուժերով ու միջոցներով, և սահմանային խորություններով հակառակորդի կողմից սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»: