Հայաստանն ու Ադրբեջանը հայ գերիների հարցը քննարկել են նաև Եգիպտոսի խաղաղության գագաթնաժողովում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ։
«Ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, երբեմն` ոչ տեսանելի ու արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց դուրս եկած կլիներ օրակարգից։ Բայց մենք իրականացնում ենք գործընթացը, ու այս պահին էլ ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով լավ նորություն կունենանք։ Մենք չենք դադարում ջանքեր գործադրել և Շարմ Էլ Շեյխում ադրբեջանցի մեր գործընկերոջ հետ քննարկել ենք այս հարցը։ Հուսանք՝ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն»,- ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով` հաստատված խաղաղության պայմաններում և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջնային չլուծված հարցը մնում է գերիների խնդիրը։ Միրզոյանը վստահեցրեց` Հայաստանը երրորդ երկրներին է ներկայացնում Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։
«Երրորդ երկրների մասնակցությունը առկա է հատկապես պատանդառված մարդկանց մասին տեղեկությունների փոխանցման համատեքստում։ Իհարկե, նաև կարևոր է հաշվի առնել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը, քանի որ այս հարցով հիմնական խողովակն էր։ Բայց մենք պետք է լրացնենք այս բացը։ Հարցը մշտապես առկա է երրորդ երկրների հետ մեր հարաբերություններում, սակայն հիմնական խողովակը Հայաստան–Ադրբեջան ուղիղ շփումներն են»,- ընդգծեց Միրզոյանը։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։