Ընդհանրապես ՔՊ համագումարին մասնակցության կանոնները սահմանվում են ՔՊ համապատասխան որոշումներով և այդ որոշումները բոլորի համար են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, թե ճի՞շտ է արդյոք, որ 30 հազար դրամ անդամավճար չմուծելու պատճառով է, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել ՔՊ համագումարին։
«Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ։ Այն, ինչի մասին, որ դուք խոսում եք, դրա պարզաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա, որ տեխնիկական դետալների մեջ մտնենք։ Դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում։
Ընդամենը կուզենամ ասել, որ որևէ քաղաքական խնդիր ես այդտեղ չեմ տեսնում, զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնց մասով գնահատականը տրվել է»,–ասաց նա։
Հարցին՝ եթե խնդիրը տեխնիկական էր, ինչու Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց իրեն մասնակցել համագումարին, Արշակյանը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն կա, որ հարցը տալիս եք, հետո պատասխանը չեք լսում։ Ես մանրամասն նկարագրեցի, որ այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունվում, կան կարգեր։ Ոչ մի վիրավորական բան այդտեղ չկա, ավելին ասեմ մեր հասարակությունը, մեր կուսակցականները պետք է ուրախ լինեն և համոզված եմ, որ ուրախ են և հարգում են բոլոր այն որոշումները, որոնք կայացված են։Այդտեղ որևէ անձնական կամ քաղաքական հարց չկա, որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելել, կա կարգ, կարգին հետևում են։
Այնտեղ մեկը գրել էր՝ Փաշինյանի «սև ցուցակում» է։ Նախ «սև ցուցակներ» մենք չենք պահում, «սև ցուցակներ» պահում էին նրանք, ովքեր հայտնի են։ Այդ տիպի խոսակցությունների մեջ, իհարկե, ես չէի ցանկանա մտնել, ուղղակի այնքան աղմուկ է բարձրացել, որ հարկ համարեցի սրա մասին խոսել»։
Հակոբ Արշակյանը պնդեց, որ որեւէ նեղվածություն բացարձակ չկա. «Ի՞նչ նեղվածություն պետք է լինի։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս հետևում ենք, ես խնդիր չեմ տեսնում որևէ։
Հիմա, ես չեմ ուզում տեխնիկական դետալների մեջ մտնենք, էլի, եթե դուք ուզում եք ասեք, որ ես մեղավոր եմ, որ իմ փոխանցածը տեղ չի հասել, ես կընդունեմ էդ մեղքը, բայց ասենք իմաստ ունի՞ մենք դրա մեջ խորանանք»։
Ճշտող հարցին՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ չի տվել մասնակցել համագումարին, արդյոք սա վերաբերմունք չէ ձեր հանդեպ, նա արձագանքեց. «Փաշինյանը չի թույլատրող, չթույլատրողը, ոչ ոք չի արգելում կամ թույլ տալիս, կա կարգ։ Կարգի մեջ լինում է պատվիրակների ցանկ, իմ անունը չի եղել այդտեղ։ Ես չեմ գնացել, որովհետև իմ անունը պատվիրակների ցանկում չի եղել»։