Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP-29-ի ֆոնին Բաքուն գերիներ ազատ կարձակի, բայց ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ

Ես իրատեսական համարում եմ, որ որոշակի թվով գերիներ Բաքուն ազատ կարձակի COP-29-ը միջոցառման մեկնարկի համատեքստում, բայց որեւէ կերպ դրական կանխատեսում չունեմ, որ այս միջոցառումը կտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Այս միջոցառման համատեքստում բազմաթիվ նախաձեռնություններ եղան հասարակական սեկտորի կողմից, միջազգային գործընկերների ներգրավվածությամբ եւ նրանք պահանջում են բոլոր 23 հայ պատանդների անհապաղ վերադարձ, եւ սա դիտարկում են նաեւ նախապայման միջոցառման մասնակցության։ Կոչեր եղան նաեւ միջազգային կառավարական կազմակերպությունների քաղաքական մարմինների կողմից։ Դրանք վերաբերում են ոչ միայն հայ գերիներին, այլ նաեւ Ադրբեջանում տարիներ շարունակ չլուծվող խնդիրներին, որոնց մեջ առանձահատուկ է քաղբանտարկյալների խնդիրը, թվաքանակը մեծանում է շուրջ 300-ը գերազանցող անձինք այս պահին ունեն քաղբանտարկյալների կարգավիճակ Ադրբեջանում։ Հասկանալի է, որ վարկանիշային ռիսկերի ներքո է գտնվում Ադրբեջանը եւ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի իր հեղինակությունը միջազգայնորեն պահպանելու նպատակով։

Այս անձինք կարեւոր դերակատարում ունեն Ադրբեջանի ձեռքերում տարբեր արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։ Նրանց գործոնը դեռեւս շահարկվում է։ Քանի դեռ Ադրբեջանը նրանց ազատ արձակման առնչությամբ կարող է կորզել տարաբնույթ պահանջների բավարարում Հայաստանի իշխանություններից, միջազգային գործընկերներից, ազատ չի արձակի։ Իմ գնահատմամբ՝ այս միջոցառումը առավելապես վերաբերելու է 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մարտական գործողություններին մասնակցած անձանց, եւ ինչու ոչ միգուցե 2020 թվականին գերեվարվածներին»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։