ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորն էլ մարդ են, նյարդերը տեղի տվեցին. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի հայհոյանքների մասին

Ես երեք տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ և տարբեր դեպքերով մենք ահազանգերի հետքերով գնացել ենք և մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ու ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել են, որ մանկապարտեզի վատ վերանորոգման հետ կապված իրենց «լայվից» հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել ու հայհոյել է իրենց:

«Կոնկրետ այդ դեպքը, որ նկարագրում եք, մի մանկապարտեզի մասին է խոսքը, որ քաղաքապետարանը դեռևս չի ընդունել: Այսինքն այո, այդտեղ կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ: Այդ խնդիրների լուծման ճանապարհը շինարարին, տեխհսկողին և մնացածին աշխատացնելն է, ինչը անում է Երևանի քաղաքապետարանը:

Այդպես անելով մենք երեք տարի բոլոր այն տարբեր հատվածներում շինարարության վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնումները շտկել ենք տվել: Երբեք դեռ այդպիսի դեպք չի եղել, որ մենք աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք ու իրականում դրա մասին բարձրաձայնումը իրականություն դուրս գա:

Քանի որ նաև ենթադրում եմ, որ այդ աշխատելաոճը ամբողջական իր արդյունքը չի տալիս, այդ ամեն ինչի մեջ շատ մեծ ստի չափաբաժին կա: Դու հասկանում ես, որ քաղաքապետարանը այդ աշխատանքը չի ընդունել, ու ամեն անգամ դու գնում ես այն հատվածներ, որտեղ Երևանի քաղաքապետարանը դեռևս աշխատանքը չի ընդունել, բարձրաձայնում ես այդ աշխատանքի խնդիրների մասին:

Բայց այն պահի դրությամբ, երբ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքների, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կաող են տեղի տալ ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի: Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանա, չարաչար սխալվում է»,- ասաց Ավինյանը:

Հարցին՝ բա երբ թե ձեր հայրը «Օպելի» վարորդներին «համբալ» է անվանեք, ինչու՞ մինչև հիմա անգամ դատական նիստերին չի ներկայանում, քաղաքապետն արձագանքեց. «Ձեր օրակարգերը գնացեք մեր ընդդիմադիր գործիչների հետ զարգացրեք, իմ հետ պետք չի ձեր օրակարգերը զարգացնել»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։