ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը վատ է վերաբերվում իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, ով վիրավորել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
«Ինչ կոչ որ պետք է անեմ իմ գործընկերոջը, ես իրեն առանձին արել եմ, բայց երկուսի ասածին էլ վատ եմ վերաբերվում։ Եթե մենք խոսում ենք կանանց հանդեպ խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, այս մասով, բնականաբար, անընդունելի եմ համարում այդպիսի արտահայտությունները, բայց ես ուզում եմ խոսել նաև տիկին Թովմասյանի արտահայտության մասին, որովհետև երբ մենք թիրախավորում ենք թմրանյութեր օգտագործած անձին… ո՞վ է թմրանյութ օգտագործող անձը՝ առողջական խնդիր ունեցող անձն է, մարդ, ով ունի կախվածություն, հետևաբար, ինձ համար անընդունելի է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի ու վերարտադրել կարծրատիպեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
ՔՊ-ականը կողմ է, որ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծվի։
«Ցավոք, այս պահին ու մինչև այս պահը նախաձեռնված հանձնաժողովները քաղաքական բնույթ են կրում։ Մենք այժմ նախագիծ ենք մշակել, որ հանձնաժողովն աշխատի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական»,- նշեց Բաթոյանը։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում:
Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում: