ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական կողմի զիջումը որն է․ Փաշինյանը կոնկրետ պատասխան չունի, փոխարենը հստակ գիտի՝ գերիների վերադարձի հարցով համաձայնություն չկա

Այդ երկու վերջին դրույթները, որոնք համաձայնեցվել են, վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդներին հետ քաշելը եւ միջազգային հայցերից հրաժարվելը տեղի են ունենալու խաղաղության համաձայնագրի ստորագրելուց առաջ, թե՞ հետո:

«Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք այդ հարցերի որոշ նյուանսների հետ կապված էլ պետք է քննարկումներ ունենանք: Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելուև միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն:

Այդ դրույթներն էլ ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ չի հաջողվելու ունենալ իդեալական ձեւակերպումներ այդ առումով, մենք նաեւ Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի համար»:

Հարցին՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է, վարչապետը արձագանքեց. «Այս փուլում կարեւոր է, որ միակողմանի ձեւակերպումներ եւ հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է՝ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաեւ իրեն է ձեռնտու: Դրանք այն փոխզիջումներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետեւ համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է,. ինչպիսին կարող է լինել խաղաղության համաձայնագիրը»: