ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալությանը։
Հիշեցնենք՝ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ «Վարորդը եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Նրա մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով, որ ուղևորը փախուստի է դիմել, ում մոտ եղել են ատրճանակ և փոշենման զանգված, տրամաբանակն է, որ պարեկային ծառայությունը պետք է իրականացներ ձերբակալում»,- ասում է նախարարը՝ նշելով, որ ուղևորին դեռ փնտրում են։ Լրագրողների դիտարկմանը, թե ըստ շրջանառվող լուրերի, Նարեկ Մկրտչյանի եղբայրն է այդ իրերը նետել ուղևորի գիրկը, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է պայուսակը փոխանցել ընկերոջը, թե՞ ընկերոջինն է եղել։ Այս պահին առկա տվյալներով՝ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել»,- ասաց նախարարը։