Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով 2025-ի դեկտեմբերից Հայաստան ներմուծվող բենզինի հետևանքներն ու արդյունքները:
Նա նշել է, որ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին: Այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն արդեն 430 դրամ է մեկ լիտրի դիմաց:
«Ի դեպ, 2 օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և այս ընթացքում գինը շուկայում նվազել է 2 տոկոսով: Դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով նվազել է նաև ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը, այսինքն, եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»,- նշել է վարչապետը:
Նա նաև ասել է, որ դժգոհություններ կան 2 կողմում էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հասարակությունների շրջանում, սակայն այդ մտահոգություններն անտեղի են, քանի որ այս ամենն իրականացվում է խաղաղության գործընթացի շրջանակում:
Վարչապետի փոխանցմամբ՝ արհեստական դժգոհություններ են գեներացնում նաև անձինք, որոնց պատկանել է տարիներ շարունակ բենզինի շուկայի մենաշնորհը, և իրենք ստիպված են լինում նոր իրողության պայմաններում ամբողջ բենզինի շուկայում գնիջեցման գնալ:
«Պետք է արձանագրել, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում են, քաջալերում են այն ընկերություններն ու շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել. նրանք ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, և օգտվելու են ՀՀ քաղաքացիները:
Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ն անում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:




