«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվել է 7 անձ՝ տարբեր բնույթի վնասվածքներով, հիմնականում հրազենային, կրծքավանդակի, որովայնի խոռոչի շրջանում վնասվածքներով։ Նրանցից մեկը վնասվածքը ստացել է դեմքի շրջանում, ևս մեկը ստորին վերջույթների կոտրվածք ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը՝ նդրադառնալով երեկ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական ելքով կրակոցներին։
«Նրանցից մեկը հենց վիրասրահում մահացել է, բայց մնացած վեցի վիճակը այս պահի դրությամբ, արդեն մեկ օր հետո կայուն է։ Բոլոր վեցն էլ վիրահատվել են։ Այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են վերակենդանացման բաժանմունիքից այլ բաժանմունքներ տեղափոխման։ Դա ենթադրում է, որ իրենց վիճակը կայուն է, այս պահին կյանքին սպառնացող չէ և ռեանիմացիոն միջոցառումներ չի ենթադրում։
Նրանցից երկուսն արդեն տեղափոխվել են, մեկը դիմածնոտային բաժանմունք, մյուսը՝ տրավմատոլոգիայի բաժանմունք։ Մնացած չորսը այսօր կտեղափոխվեն տարբեր բաժանումներ՝ կրծքային վիրաբուժություն, անոթային և տրավմատոլոգիա»,–ասաց նա՝ հավելելով, որ վիրավորները, հիմնականում, միջին տարիքի են։
Հարցին՝ ե՞րբ նրանք կարող են դուրս գրվել, նա պատասխանեց. «Դուրս գրումը կախված է արդեն հիվանդության հետագա ընթացքից, կարող է ձգձգվող ընթացքներ լինել, կարող է և դուրս գրվեն շատ արագ։
Կուրղինյանը նաև շնորհակալություն հայտեց ոստիկանությանը. «որովհետև իրենց ներկայությունը ապահովել է մեր հանգիստ աշխատանքը և աշխատանքային ռիթմը պահպանել է»։




