ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի սպանության փորձի դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների։
«Այս պահին կարգավիճակի հարցն ենք ճշգրտում։ Չեմ բացառում մեղադրանքը՝ կախված այն տվյալներից, որ կստանանք»,- ասաց նա։
Միաժամանակ նախարարը նշեց, որ երբ բուժկենտրոնից հաղորդում են ստացել, ահազանգն այնպիսին է եղել, որ «հանցագործության հետ գործ չունենք, երեխան վատ է զգացել, արդյունքում տեղափոխվել է բուժհաստատություն»։
«Անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ աշխատանքներին, և դրանց արդյունքում հաստատվել է, որ հոր հետ բնակվող կնոջ միջամտությունն առկա է։ Այժմ շարունակվում են Քննչական կոմիտեի հետ համատեղ աշխատանքները։ Խափանման միջոցն ընտրված է, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամների վերաբերյալ իրավիճակին գնահատական տրվի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե որտե՞ղ էր համայնքային ոստիկանությունը և ինչու նախապես տեղեկացված չի եղել այդ միջավայրի մասին, նախարար Սարգսյանն արձագանքեց․ «Երեխայի պաշտպանության նոր համակարգը ներդրված է այն տրամաբանությամբ, որ առաջին տեղեկատվություն ստացողը չպետք է լինի ոստիկանությունը։ Ազդակը պետք է գա համայնքից, սոցիալական ծառայողներից։ Վստահ եմ՝ իմ գործընկերները նույնպես դիտարկում են՝ արդյո՞ք եղել է ազդակ, թե՞ ոչ։ Մենք ևս ուսումնասիրում ենք, և եթե որևէ խախտում հայտնաբերվի ոստիկանության աշխատանքի մեջ, արձագանքը չի ուշանա»։





