Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ:
ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը:
Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատեց, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից:
45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց:
Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:




