«Աշխարհը, որտեղ կա 194 պետություն, փոխվում է.․․ աշխատությունում, որը գրել եմ 2025-ին, կանխատեսում եմ, որ աշխարհը կբաժանվի 8 կամ 9 մասի, դրանք կունենան իրենց լիդերները, և իրենց շուրջը կհամախմբեն որոշակի քանակի երկրներ»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը։
«Ամենաուժեղը կլինի Հյուսիսային Ամերիկան, որը կգլխավորի Թրամփը, և որը կփորձի հաստատել իր վերահսկողությունը Գրենլանդիայի վրա։ Թրամփը դեռ ուզելու է Կանադան, և կփորձի նաև ազդել Հարավային Ամերիկայի վրա, որը շատ անկազմակերպ է․․․ Մյուս բևեռը Եվրոպան է, սա բնութագրել եմ որպես ամենաթույլ բևեռ, որը երկար տարիների կյանք չունի։ Այստեղ լիդեր չկա, փորձում է այդ լիդերը դառնալ Գերմանիան, բայց նա չունի բացահայտ առավելություն այնպիսի խոշոր խաղացողների նկատմամբ, ինչպիսիք են Իտալիան կամ Ֆրանսիան։ Այստեղ կրկին ԱՄՆ-ի ազդեցությունն է մեծ լինելու, դրա համար իրենք վաղ թե ուշ կվազեն Ամերիկայի մոտ։ Եվրոպայի ամենամեծ թուլությունն այն է, որ նա ունի տարածք 3.5 մլն քառակուսի կիլոմետր, ունի 450 միլիոն բնակչություն, բայց ռեսուրս չունի։ Դրա համար Եվրոպան շատ «քյալլա է տալիս» Ուկրաինայի համար։ Ուկրաինայի ռեսուրսները գնահատվում էին 9,5 տրիլիոն, սակայն դրանց մի զգալի մասը արդեն զիջել են ռուսներին։ Մնացած մասով համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն՝ ԱՄՆ իր քիթը խոթում են ամենուր, Եվրոպա, Հարավային Ամերիկա և այլն։ Իրականում Միացյալ Նահանգներ-Եվրոպա հակասությունը ավելի մեծ է, քան թե Եվրոպա-Ռուսաստան հակասությունը։ ԱՄՆ-ի ամենաուժեղ հակառակորդն ավելի շատ Եվրոպան է, քան Ռուսաստանը կամ Չինաստանը։
Մյուս ռեգիոնը Ռուսաստանն է, որը կփորձի հետ բերել հետխորհրդային հանրապետությունների տարածքները՝ գոնե մասամբ, թեև տնտեսական ռեսուրս չունի։ Ուկրաինայի մի մասը նա հետ կբերի։ Ամեն մի երկիր, որը փորձում է պոկվել Ռուսաստանից, բացառությամբ Մերձբալթիկայի, ինչ-որ մի բան պիտի թողնի ռուսներին, նոր գնա։ Ասենք՝ Մոլդովան կթողնի Մերձդնեստրը։ Սանդուն դրան համաձայն է․․․ Այստեղ, եթե ժողովուրդը ևս մի անգամ ընտրի Փաշինյանին, ապա պիտի հասկանա, որ մենք մեր երկրի առնվազն կեսը կթողնենք Ռուսաստանին։ Ռուսաստանը շահագրգռված չի լինի, որ այս երկիրը պահպանվի։ Դրա վկայությունն են Սալավյովի խոսքերը»,- նշեց Բագրատյանը։
Բագրատյանն ընդգծեց, որ այս պահին գոյություն ունի երկու միջազգային իրավունք. մեկը՝ ուժեղների իրավունքն է, մյուսը՝ թույլերի իրավունքն է։ Ադրբեջանի նախագահը դա հասկացել է, Հայաստանը չի հասկանում, Հայաստանը իրեն դնում է հիմարի տեղ, թե՝ վայ Սոլովյովը մեզ վիրավորեց։ Իսկ Ալիևը ձեզ չի վիրավորո՞ւմ, որ Սևանա լճի նկարով գինի է թողարկում, չի վիրավորո՞ւմ, որ ասում է՝ ընդհանրապես Հայաստան չկա, սահմանները չեմ ճանաչում։ Բա ինչո՞ւ չեք բողոքում։ Իհարկե, Սոլովյովի ասածի մեջ տակտի պակաս կա, բայց կա օբյեկտիվ ճշմարտություն, որ դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ընդհանրապես չպիտի լինեք։ Եվ եթե մեզ հետ չեք, մենք շահագրված չենք լինի, որ դուք ընդհանրապես լինեք»։




