Տեր Զարեհ քահանա Աշուրյանը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի քահանաների, այդ թվում՝ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը։
Հիշեցնենք՝ Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը եկել էին եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել ազատել այն։ Նրանք նաև սպառնացել էին, որ վերադառնալու են՝ եկեղեցու դռների բանալիները փոխելու նպատակով։
«Այդ մարդիկ թող չմոռանան, որ վաղ, թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու իրենց գործած ապօրինությունների համար։ Խնդրանքս իմ քահանա եղբայրներին՝ չվախենաք, ինչպես որ չեք վախենում և քաջաբար կանգնում եք։ Մենք մեր աղոթքներով ամեն ժամ ձեր կողքին ենք»,-ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ հավելելով՝ հոգևորականների նկատմամբ ճնշում գործադրողները, Եկեղեցու դեմ քայլեր գործադրողները պատասխան են տալու ինչպես Երկնային դատաստանի ժամանակ, այնպես էլ երկրային դատարանի առջև։
Տեր Զարեհը նաև հորդորել է հոգևորականներին՝ ցանկացած սադրանքի ժամանակ միացնել ֆեյսբուքյան ուղիղ եթերը, տեսագրել տեղի ունեցողը։




