Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե «խաղաղությունն անծանոթ միջավայր է երկու երկրների համար»։
«Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը։ Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք», – հայտարարել է նա ու հավելել, թե պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող։
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող», – հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվա այն հայտարարությունը, թե Սևանը «Գյոյչա է»։




