ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ խնդրել է տեղեկություններ տալ, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ և խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողը հարց ուղղեց վարչապետին՝ նշելով, թե միջազգային մամուլում տեղեկություններ կան այն մասին, ըստ որոնց՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիքոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ առաջարկը՝ գերիների վերադարձի հարցով և պնդել, որ Հայաստանն ինքնուրույն կարող է այդ հարցը լուծել։ Լրագրողը խնդրեց նաև մեկնաբանել շրջանառվող լուրերը, թե Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Բաքվից։
«Ինչպես գիտեք՝ պետքարտուղարի տեղակալի հետ ես էլ եմ հանդիպել և այդ հանդիպման ժամանակ ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփն այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ լրագրողի հնչեցրած հարցերի մասով այլ մեկնաբանություն պարզապես չկա։




