Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական տարբերությունը 2,5 անգամ էր, այսօր՝ արդեն 8 անգամ: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» լրատվական ծրագրի շրջանակներում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեզ երաշխավոր պետք չէ, ԹՐԻՓՓ-ով ունենք վկա՝ ԱՄՆ-ն, ով երաշխիք չի տալիս, ուղղակի վկա է, Ադրբեջանի հետ հարաբերությունները ինքներս կկարգավորենք: Մենք էլ ասում ենք, որ մեզ 1-ից ավելի երաշխավոր է պետք, որպեսզի ունենանք երաշխիքներ երկարատև խաղաղության:
Մեզ պետք են 1-ից ավելի երաշխավորներ, որպեսզի եթե Ադրբեջանի ղեկավարությունը մի օր որոշի նոր պահանջներ ներկայացնել ու որոշակի ազգային փոքրամասնություն Հայաստան տեղափոխելու նկրտումներ ունենա՝ կամ էլ իրավական առումով ինչ-որ շեմ անցնի, կարողանանք զսպել իրենց: Դա միջազգային դիվանագիտական գործիքակազմ է, բոլոր երկրները կիրառում են ու աշխարհի բոլոր երկրներում լավ աշխատում է: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղության է գնում և որևէ նկրտում չունի Հայաստանի վրա, ինչու՞ չի ուզում երաշխավորներ»,- նշել է նա:





