Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ասելու է մի բան, որը կրքեր է բորբոքելու։
«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ամբողջ պետական համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու է ու դա ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։
«Որ ընդդիմադիները շատ չչարչարվեն, ես հիմա խոսում եմ պարգևավճաների համակարգի մասին, այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև, ուզում եմ ընդգծել՝ 2025 թվականի բյուջով մենք 6,5 միլիարդ պետական համակարգից ռեզերվ արեցինք, 3,5 միլիարդն ուղղեցինք պետական համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն ու հիմա դրա արդյունքում 78 միլիարդ տալիս ենք կենսաթոշակառուներին»,- նշեց նա։
«Շատ կներեք՝ ես շատ ուրախ ու գոհ եմ, որ ինքս եմ կայացրել այդ որոշումները, հազար ներողություն՝ այդ որոշումն ինձ հիմա հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանը, որպես պետություն, բավարար չափով լրջացել է։
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։





