Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այժմ այցելում է Վագիֆ Խաչատրյանին։
Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, նշելով, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն հիվանդանոցում է։
«Հիմա կհասկանանք՝ ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Հարազատների հետ կխոսեմ։ Բոլորս շատ ուրախ ու երջանիկ ենք, որ մեր հայրենակիցներն այստեղ են։ Մեր մյուս հայրենակիցների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։




