Քիչ առաջ ՔԿ-ից դուրս եկավ տեր Մովսես քահանա Սահակյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն որպես մեղադրյալ են հրավիրել ՔԿ։
«Չեմ կարող մանրամասները ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է, եթե մեր փաստաբանները ճիշտ կգտնեն ինչ-որ բան հրապարակելու, կհրապարակեն»,-ասաց նա։
Տեր Մովսեսը նաև հավելեց, որ ինքը որոշումներ կայացնող չի և դրանց հետ որևէ կապ չունի։
«Այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, հոգևորականնե՞րը պետք է այս դռնից ներս մտնեն։ Այս երկրում հանցագործություն չկա՞, բացի հոգևորական լինելուց»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար:
Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ։




