«Մեզ համար շատ կարևոր է չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին, Կարապետյանը շեշտել է՝ այդ երկրի համար շատ կարևոր է, որ հարավկովկասյան տարածաշրջանում չլինի հակառուսական ֆորպոստ։
«Հակառուսական ֆորպոստ վտանգ կլինի նաև Իրանի համար, ինչը կբերի տարածաշրջանային երկրների և մեր հարաբերությունների վատթարացմանը։ Ուստի մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է լինի հակառուսական, չպետք է լինի հակաիրանական, տարածաշրջանի երկրների հետ պետք է հաստատի երկարաժամկետ, խաղաղ և համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա»,- ասել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան»-ը, ի տարբերություն գործող իշխանության, այս հարցում տարբերվող մոտեցում ունի, շեշտել է Նարեկ Կարապետյանը։
«Կարևոր է, որ ՔՊ-ի պես Ռուսաստանի հասցեին ամեն օր սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերությունները չփչացնենք այդ երկրի հետ, որտեղ արտահանում ենք տարեկան 3 միլիարդ դոլարի ապրանք»,- ասել է նա։
Հարցազրույցը՝ ստորև





