«Մենք պետք է կենտրոնանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր քույրերն և եղբայրները ստանան ՀՀ քաղաքացիություն, տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում, սա մի կողմից քիչ թիվ չէ, մյուս կողմից մեզ անհանգստացնում է, որովհետև ուզում ենք, որ ավելի մեծ ծավալներով այն կատարվի»,- «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կային շահարկումներ, որ առաջիկայում ընտրություններ են, կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու պրոցեսները ձգձգի, խոչընդոտի, բայց ընդհակառակը, մենք անհանգստացած ենք, որ ծավալները քիչ են։ Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում․ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անել, որ այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծվի»,- հավելել է վարչապետը։





