Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Մենք ուրախ ենք Հայաստանի ապաշրջափակման և զարգացման հարցում ցանկացած դրական քայլի համար։ Ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ Արևմուտք-Արևելք, թե՛ Հյուսիս-Հարավ ուղղություններով։
Նույն «Հյուսիս-Հարավ» միջանցքը Հայաստանում կարող է ունենալ երկու ճյուղավորում՝ Օմանից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, ինչպես նաև Օմանից դեպի Սև ծով»,- նշել է Շիրգոլամին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։
Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP – խմբ.) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- հավելել է դեսպանը։
Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն և ոչ մի հարց չպետք է մարտահրավեր նետի այդ հարաբերություններին։
«Մենք հույս ունենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Մենք շարունակում ենք այս հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- եզրափակել է Շիրգոլամին։




