Այս պահին Կոմիտասի պողոտայում «Երևան Սիթիի» շենքում, հանրային սննդի կետում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է Փրկարարական ծառայության տնօրենը։
Մինչ հրշեջների ժամանելը, արդեն այդ վայրից քաղաքացիները տարհանվել են։ Այս պահի դրությամբ, տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։
Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն են ստացել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում»։




